Բավ է պառակտվել
29-10-2016 12:21

Ովքե՞ր են հրավիրված լինելու ՀՀԿ համագումարին

Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։

Պատվիրակների ընտրությունը դեռ չի ավարտվել, նաև հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու հյուրերը։ «Հրավիրել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիային» և ԵԺԿ-ին։ Կհրավիրենք նաև մեզ հետ համագործակցող և մեր համակիր տեղական կուսակցություններին»,– ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը չմանրամասնելով, թե խոսքը, որ կուսակցություններին Է վերաբերում։ Նա հաստատեց, որ կհրավիրվի ՀՅԴ-ն։

Իսկ թե «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները կամ նրանց ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կհրավիրվեն, Թադևոսյանը դժվարացավ պատասխանել։ «Կորոշենք, դեռ որոշված չէ, այդ հարցերը չենք քննարկել։ Մեկ շաբաթից պարզ կլինեն մանրամասները»,– եզրափակեց նա: