17-03-2014 09:18

ԱՄՆ-ն չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

ԱՄՆ-ն չի ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական է համարում և նախազգուշացնում է Ռուսաստանին, որ վերջինս ստիպված կլինի պատասխանատվություն կրել Ուկրաինայում իրականացվող գործողությունների համար և բախվել միջազգային պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ավագ օգնական Դեն Փֆայֆերը` ելույթ ունենալով ամերիկյան NBC հեռուստաընկերության ծրագրում:

«Ինչպես ավելի վաղ հայտարարել ենք` այդ հանրաքվեն խախտում է միջազգային իրավունքը: Մենք աշխատում ենք ողջ աշխարհում մեր գործընկերների, մասնավորապես` եվրոպացիների հետ` ուժերը միավորելու ընդդեմ ՌԴ-ի և նրա վրա պատժամիջոցների տեսքով ճնշում գործադրելու», - ասել է Դեն Փֆայֆերը:
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջերս հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել ռուսական պետական գործիչների նկատմամբ: