23-03-2015 11:13

Դեսպան Փոլադյանը հանդիպել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահին

Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին: Դեսպան Փոլադյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհակալական նամակը՝ մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ գումարելու, այդ ծանր հանցագործությունը դատապարտելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու վերաբերյալ: Նամակում ՀՀ ԱԺ խոսնակը առանձնակի երախտագիտություն է հայտնել «Սիրիայի ժողովրդին, որն իր դռները բացեց և ապաստան տվեց Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Սիրիայի ժողովրդի և նրա առաջնորդների մարդասիրական վերաբերմունքը մշտապես հիշվում է և բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակում: Զրույցի ընթացքում Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամը հերթական անգամ անդրադարձ կատարեց Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը` միաժամանակ միջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ դատապարտել մարդկության դեմ իրականացված անասելի ծանր այդ հանցագործությունը: Իր հերթին Դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները: Քննարկվեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրներ: