11-06-2015 17:24

Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին եւ բարեկամական խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նախատեսված ժամկետներում տնտեսական ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն կտա հարաբերությունների մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը: Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նշել է, որ ապրիլի 22-24-ը Հայաստանում կայացած Գլոբալ ֆորումին եւ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցել են մոտ 60 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ: Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ակտիվ համագործակցությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ նա նշել է, որ այս հարցում Իրանի իշխանությունները վստահ են, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը Ալի Քաիդիի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, խորհրդարանական կապերի ակտիվացմանը, բարեկամական խմբերի գործունեությանը վերաբերող հարցեր: