Բավ է պառակտվել
21-05-2015 16:59

ԱԺ-ում Տեղի է ունեցել բյուջետային ծրագրերի կատարողականի ամփոփիչ համաժողովը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել բյուջետային ծրագրերի կատարողականի հիմնական ցուցանիշների բարելավման առաջին փուլի աշխատանքների ամփոփիչ համաժողովը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ կառավարության, ԱԺ աշխատակազմի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Հարգելի փոխդեսպան տիկին Լիխթենբերգեր, հարգելի պարոն Չանմուգամ, հարգելի տիկին Քեմպա, հարգելի պարոն Մակ Նելի, տիկնայք եւ պարոնայք, գործընկերներ, Հայաստանի բյուջետային համակարգում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն էապես բարելավելու հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը: Այս խնդիրների արդյունավետ լուծումները ոչ միայն նպաստելու են երկրի դինամիկ զարգացմանը, այլեւ հասարակության լայն շերտերի համար առավել տեսանելի, ընկալելի եւ վերահսկելի են դարձնելու բյուջետային ողջ գործընթացը` նախագծումից մինչեւ իրականացում եւ հաշվետվություն: Հանրային ֆինանսների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ամենագործուն միջոցներից մեկը՝ ծրագրային բյուջետավորման ներդրումն է: ՀՀ կառավարությունը տաս տարուց ի վեր հետեւողական քայլեր է ձեռնարկում երկրում ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ: Արդեն իսկ այս ուղղությամբ կատարված է մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքում Հայաստանը ծրագրային բյուջետավորման ներդրման առումով հետխորհրդային երկրների շարքում համարվում է առաջատարներից մեկը: Անհրաժեշտ է նշել, որ յուրաքանչյուր պետությունում ծրագրային բյուջետավորման ներդրումը գիտատար, աշխատատար եւ ժամանակատար գործընթաց է: Այս առումով չափազանց կարեւոր է գործընթացի բոլոր փուլերի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումն ու դրա տեղայնացումը Հայաստանում:

Հայտնի է, որ արդեն 2018 թվականի պետական բյուջեն պետք է կազմվի եւ ՀՀ Ազգային ժողով ներկայացվի ծրագրային ձեւաչափով: Միաժամանակ միջազգային փորձը հուշում է, որ ծրագրային բյուջետավորման ներդրման ամբողջական շրջափուլը հնարավոր է արդյունավետ ավարտել միմիայն հանրային ֆինանսների կառավարման համակարգի հիմնական դերակատարներից՝ օրենսդրի եւ գործադիրի շահագրգիռ համագործակցության արդյունքում:

Ելնելով այս սկզբունքից՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, ԳԴՀ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ ԱՄՆ Միջազգայն զարգացման գործակալության կառույցների հետ համագործակցության շրջանակներում, մշակել եւ իրականացնում է ծրագրային բյուջետավորման ոլորտում ՀՀ Ազգային Ժողովի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման աշխատանքների ծրագիր:

Մենք կարեւորում եւ բարձր ենք գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեր գործընկերների օժանդակությունն այս կարեւոր աշխատանքում:

Այդ աշխատանքների շրջանակներում ծրագրային բյուջետավորման վերաբերյալ տեսական եւ գործնական քննարկումներ են իրականացվել ԱԺ պատգամավորների եւ փորձագետների համար: Մշակվել եւ հրատարակվել են Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների վերաբերյալ երկու գրքույկ. առաջինը` հանրամատչելի բնույթի, երկրորդը` մասնագիտական, կիրառական օգտագործման համար:

Գործնական փուլում, 2014 թվականի նոյեմբերից՝ ԱԺ ութ մշտական հանձնաժողովներում օրենսդրի, գործադիրի եւ ծրագրի գործընկեր միջազգային կառույցների մասնագետների մասնակցությամբ ստեղծվել են համատեղ աշխատանքային խմբեր` նպատակ ունենալով ոչ ֆինանսական ցուցանիշներ մշակել տվյալ հանձնաժողովի ոլորտին վերաբերող բյուջետային ծրագրերի համար:

Կարեւորելով այս աշխատանքը՝ այն գտնվում է Ազգային Ժողովի նախագահի ուշադրության կենտրոնում:

Այսօր արդեն մենք ամփոփում ենք ոչ ֆինանսական ցուցանիշների բարելավման գործընթացի առաջին փուլը՝ ունենալով բյուջետային 12 ծրագրերի համար մշակված ոչ ֆինանսական ցուցանիշներ: Գործընթացը լինելու է շարունակական եւ տեւելու է մինչեւ 2017 թվականի վերջ: Այն իր ներդրումն է բերելու 2018 թվականի ՀՀ պետական բյուջեն ամբողջապես ծրագրային ձեւաչափով կազմելու գործում:

Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս ծավալուն աշխատանքը հնարավոր է հաջողությամբ պսակել միայն ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ Կառավարության եւ մեր միջազգային գործընկերների շարունակական, շահագրգիռ համագործակցության արդյունքում»:

Ելույթներով հանդես են եկել նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադյա Լիխթենբերգերը նշել է, որ բյուջետավորման գործընթացի արդյունավետ իրականացումը նախապայման է՝ երկրում կայուն զարգացում ապահովելու համար: Եվ խորհրդարանը մեծ դեր ունի մասնավորապես հանրության համար թափանցիկության, արդյունավետության եւ հաշվետվողականության ապահովման տեսանկյունից:

Ըստ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Նարեն Չանմունգամի՝ ծրագրային բյուջետավորումը հստակ կերպով ամրագրում է առաջնահերթությունները եւ ապահովում հսկողություն կառավարության կատարողականի վերաբերյալ:

ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպանի՝ առաջընթաց հնարավոր է, երբ բոլոր շահագրգիռ կողմերը միտված են ընդհանուր նպատակի իրականացմանը՝ այն է՝ պետական ֆինանսների այնպիսի կառավարմանը, որը բխում է բնակչության ու ՀՀ քաղաքացիների շահերից:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ ՀԱԺԱԾ ղեկավար Շոն Մակ Նելին: Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագիրը (ՀԱԺԱԾ) մեկնարկել է 2012թ. սեպտեմբերին: Ծրագրի նպատակն է հզորացնել ժողովրդավարական կառավարումը? առավել ընդգրկուն դարձնելով Ազգային ժողովի (ԱԺ) ներկայացուցչական, վերահսկողական եւ վերլուծական կարողությունները: ՀԱԺԱԾ-ն աշխատանքներ է իրականացնում ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու ուղղությամբ` ընտրված հանձնաժողովների կարողությունները եւ գործընթացները կատարելագործելու միջոցով:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ բոլոր երկրներում ծրագրային բյուջետավորմանն անցնելու հասցեատերը խորհրդարանն է, քանի որ հենց խորհրդարանը, ապահովելով ֆինանսական հատկացումներ տարբեր ծրագրերի համար, պետք է հետամուտ լինի՝ պարզելու, թե որքան արդյունավետ են օգտագործվում այդ հատկացումները: Ըստ Գագիկ Մինասյանի՝ նախորդ տարի միջազգային գործընկերների աջակցությամբ որոշվել է իրականացնել Ազգային ժողովում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիր: Զեկուցողը գոհունակությամբ փաստել է այն հանգամանքը, որ ծրագիրն իր ստեղծման օրվանից գտնվում է ԱԺ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում եւ աջակցություն է ստանում իր իրականացման բոլոր փուլերում: Ծրագրի հիմնական նպատակն է՝ բարձրացնել ԱԺ պատգամավորների ու աշխատակիցների իրազեկության մակարդակը ԾԲ հիմնական գաղափարների վերաբերյալ եւ նպաստել բյուջետային ծրագրերի կատարողականի հիմնական ցուցանիշների ձեւավորմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը խոսել է Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական եւ լիարժեք ներդրման անհրաժեշտությունից, կարեւորել կատարողականի չափանիշների ճիշտ ձեւակերպումը:

Նշվել է, որ 2014թ. նոյեմբեր - 2015թ. մայիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ հանձնաժողովների, կառավարության համապատասխան գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերը բարելավել են 12 բյուջետային ծրագրերի կատարողականի հիմնական ցուցանիշները: Տեղեկացնենք, որ բյուջետային ծրագրերի կատարողականի հիմնական ցուցանիշների (ԿՀՑ) մշակումը նպաստելու է ծրագրային բյուջետավորման ներդրմանը, բյուջետային գործընթացի արդյունավետության բարձրացմանը, բյուջեի թափանցիկության եւ հաշվետվողականության բարելավմանը:

Միջոցառման ընթացքում ԱԺ 8 մշտական հանձանաժողովների ներկայացուցիչները մանրամասն տեղեկություններ են ներկայացրել տվյալ հանձնաժողովին առնչվող բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշները վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ համաժողովի ընթացքում ամփոփվել է ԿՀՑ-ների մշակման առաջին փուլը, իսկ աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2018թ.` նպաստելու բյուջետային այլ ծրագրերի ԿՀՑ-ների բարելվմանը:

Հիշեցնենք, որ 2013թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով առաջին անգամ ամրագրվել եւ պարտադիր է դարձել Հայաստանում «ծրագրային բյուջետավորման» (ԾԲ) իրականացումը եւ այդ ձեւաչափով տեղեկատվության ներկայացումը ՀՀ Ազգային ժողով: Համաձայն ՀՀ կառավարության ընթացիկ ծրագրի՝ նախատեսվում է ԾԲ ամբողջական անցում 2018 թվականից: