Բավ է պառակտվել
17-06-2017 17:07

Ադրբեջանի իշխանությունը քաղաքական քմահաճույքը մարդկային կյանքերից վեր դասեց. Արա Բաբլոյան

Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքը անպատիժ չի մնա, պահի քաղաքական քմահաճույքը կրկին վեր դասեց մարդկային կյանքերից, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետևանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի և Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն»,- գրել է Բաբլոյանն իր Facebook –յան էջում։
Նախօրեին Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտնել էր թշնամու արձակած կրակի արդյունքում զոհված երեք զինծառայողների մասին:
«Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին…»,- գրել է Բաբլոյանը:
Նրա խոսքերով, արցախյան հանդիպումների ընթացքում( Արցախում այս օրերին ընթանում է Հայաստանի և Արցախի քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումը՝ խմբ. ) անընդհատ խոսվում էր միասնության մասին:
«Որևէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետևողականորեն համադրելով մեր ջանքերը»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ Հայաստանի խորհրդարանի նախագահը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, թե ինչու մինչ պահս չկա միջազգային գործընկերների արձագանքը: