Բավ է պառակտվել
01-12-2017 14:17

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նոր էջ է բացում հարաբերություններում

Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների պատմության մեջ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլարը:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը Տոիվո Կլարին ընդունել է ուրբաթ օրը:
Կլարն ընդգծել է, որ իր առաքելության նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելն է, նշելով, որ ինքն անձամբ ջանք չի խնայի` նպաստելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին` այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շեշտելով, որ ուրախ է, որ այս կարևոր առաքելությունը կրկին հանձնվել է փորձառու դիվանագետի:
Նախագահը հույս է հայտնել, որ Կլարի գործունեությունը ոչ միայն կնպաստի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, այլ նաև նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ հարաբերություններին: