31-10-2014 11:50

ՕԵԿ-ն առաջարկում է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի

«ԱԺ 4 խմբակցությունների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ է ստեղծվում՝ ՕԵԿ նախաձեռնության շուրջ», -այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին, նշեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:
«Հենքը լինելու է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Նաև պահանջվելու է, որ ընտրություններից հետո ցուցակները հրապարակվեն»,- նշեց բանախոսը հավելելով. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից մասնակցելու է Տիգրան Ուրիխանյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունը» ներկայացնում է Թևան Պողոսյանը, «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացնելու եմ ես»:Պարոն Մաարգարյանի խոսքով՝
արտախորհրդարանական քաղաքական ուժերից էլ է եղել իրենց նախաձեռնությանը միանալու առաջարկություն՝ «Արդարություն» և «Ագրարային» կուսակցություններից: «ՀԱԿ-ը չի մասնակցելու աշխատանքային խմբին, քանի որ ասել է, թե ընդհանուր օրենքի նախագիծ ունի այդ հարցերի վերաբերյալ»,-ավելացրեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Վերջինս փոխանցեց, թե ինքը լավատես է և կարծում է, որ ընդհանուր մոտեցումներով իրենց կհաջողվի հասնել հաջողության և փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: