Բավ է պառակտվել
20-06-2016 19:46

ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ԱդրբեջանականՀանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի հրավերով և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով ի հավելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին»,-ասված է հայտարարությունում: