Բավ է պառակտվել
31-05-2017 12:53

ԵԽ-ն սկսել է հետաքննել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ անդամներին կաշառելու վերաբերյալ գործը

Եվրոպայի Խորհուրդը հետաքննություն է սկսել այն կասկածանքով, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամներ կատարում են Ադրբեջանի իշխանությունների ցուցումները:
Հետաքննությունը վարում են իրավապաշտպանական թեմատիկայում մասնագիտացված երեք նախկին դատավորներ: Նրանք պետք է ստուգեն պնդումներն այն մասին, որ ԵԽԽՎ անդամները կաշառքներ են վերցրել ադրբեջանական իշխանություններից. Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կասկած կա, որ Ադրբեջանն ազդել է 2013 թ. ԵԽԽՎ-ի որոշման վրա: Այդ ժամանակ վեհաժողովը մերժեց գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրասերի կազմած՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման և ադրբեջանական քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը:
Այդ կասկածանքների համաձայն, վեհաժողովի անդամներից մեկին վճարվել էր ավելի քան 2,5 մլն դոլար՝ զեկույցը մերժելու համար:
Ակնկալվում է, որ Եվրոպայի Խորհրդի հետաքննության արդյունքները կհրապարակվեն ընթացիկ տարվա վերջում: Հետաքննության շրջանակներում ծրագրվում է նաև վերանայել ԵԽԽՎ-ում գործող վարքագծի կանոնները:
Ադրբեջանը ժխտում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները:
Դեկտեմբերին, European Stability Initiative (ESI) իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր մի զեկույց, որում պնդում էր, որ ԵԽԽՎ որոշ անդամներ զբաղվել են Ադրբեջանի շահերի քաղաքական լոբբինգով, և որ նրանցից ոմանք վարձատրվել են ադրբեջանական իշխանությունների կողմից:
Մարտ ամսին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին խնդրել էր. «հետաքննության նպատակով անհապաղ անկախ հանձնաժողով ձևավորել»:
Այդ խնդրանքին միացան նաև ԵԽԽՎ շատ անդամներ, ովքեր հայտարարեցին, որ. « անվայել վարքագծի մասին լուրջ ու համոզիչ մեղադրանքները » սպառնում են ասամբլեայի ամբողջականությանը:
Ապրիլ ամսին իրավապաշտպան խմբերը բաց նամակով դիմել էին ԵԽԽՎ-ի ղեկավարությանը, որում նշել էին, որ անկախ հետաքննությունը. « պետք է լույս սփռի գործնական գաղտնիքների վրա, որոնք աջակցում են կոռուպցիային»:
Իրավապաշտպաններն Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրում են ընդդիմությանը ճնշելու, ապօրինի ձերբակալումների և խոսքի իրավունքի ոտնահարման մեջ: Ադրբեջանական կողմը հերքում է այդ մեղադրանքները: