28-01-2017 21:57

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թարմփը Սպիտակ Տան Օվալ աշխատասենյակից հեռախոսային բանակցություններ է անցկացրել Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցին ներկա են եղել Թրամփի առաջատար խորհրդականները՝ փոխնախագահ Մայք Պենսը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիբասը, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինն ու ռազմավարական նշանակության հարցերով խորհրդական Սթիվեն Բեննոնը:
Զրույցի ընթացքում երկու կողմերն էլ « համատեղ աշխատանքի ակտիվ տրամադրվածություն են ցուցաբերել»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Քննարկվել են միջազգային արդիական խնդիրները՝ ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավեր Արևելքում առկա իրավիճակը, արաբ-իսրայելյան հակամարտությունը, ռազմավարական կայունության ոլորտը, իրանական միջուկային ծրագրի և Կորեական թերակղզու շուրջ առկա իրավիճակը»,- այս մասին ասված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում:
Մամուլի ծառայությունից նաև նշել են, որ պետությունների ղեկավարները շոշափել են « ուկրաինական ճգնաժամի հիմնական ասպեկտները»:
Նշվում է, որ զրույցի ժամանակ Պուտինն ու Թրամփը կողմ են արտահայտվել Մոսկվայի և Վաշինգտոնի «իրական կոորդինացմանը »՝ «Իսլամական պետություն» խմբավորումը և «Սիրիայում այլ ահաբեկչական խմբավորումները» ջախջախելու նպատակով:
Եզրափակելով զրույցը, երկու երկրների նախագահները պայմանավորվել են կանոնավոր անձնական շփումներ հաստատել: Երկու նախագահների աշխատակազմերին հանձնարարվել է« մշակել նրանց հանդիպման հնարավոր վայրն ու ժամանակը»:
Պուտինը նաև շնորհավորել է Թրամփին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:
Դոնալդ Թրամփն իր հերթին ռուս ժողովրդին մաղթել է երջանկություն և բարգավաճում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի ժողովուրդը համակարում է Ռուսաստանին և ռուս ժողովրդին: Նախագահ Պուտինն էլ իր հերաթին նկատել է, որ Ռուսաստանի քաղաքացիներն էլ նույնպիսի զգացմունքներ ունեն ամերիկացիների նկատմամբ և հիշեցրել է, որ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում այս երկրները դաշնակիցներ են եղել: Պուտինը նշել է, որ ներկա պահին Մոսկվան ի դեմս Վաշինգտոնի տեսնում է կարևորագույն գործընկերոջ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը կայացել է հունվարի 28-ին և տևել է 45 րոպե:
Հնարավոր է, բայց դեռ վաղ է.
ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի նախօրեին Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողները Թրամփին հարցրել են՝ արդյոք նա պատրա՞ստ է չեղյալ հայտարարել հակառուսական պատժամիջոցները, ինչին ի պատասխան Թրամփն ասել է, որ ուրախ կլինի, եթե իրեն հաջողվի հարաբերություններ ստեղծել Վլադիմիր Պուտինի հետ, բայց միևնույն ժամանակ ընդգծել, որ պատժամիջոցները չեղարկելու մասին խոսելը դեռ վաղ է:
«Այդ մասին խոսելը վաղաժամ է»,- նշել է նա:Նա նաև հավելել է, որ «Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ ունենալը հնարավոր է, բայց նաև հնարավոր է, որ նման բան տեղի չունենա»:
Մեյն էլ հայտարարել է, որ պատժամիջոցները չեղարկելու մասին խոսելը վաղ է, քանի դեռ Մինսկի համաձայնագրերը չեն իրագործվել:
« Մեծ Բրիտանիան պնդելու է, և կոչ է անելու իր Եվրոպական գործընկերներին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանվեն մինչև Մինսկի համաձայնագրերի իրագործումը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հղում անելով անանուն աղբյուրներին հայտնել էին, որ Թրամփի աշխատակազմը հակառուսական մի շարք պատժամիջոցներ չեղարկելու վերաբերյալ հրամանագիր է նախապատրաստել:
Երկխոսությունից դեպի երկխոսություն.
Դոնալդ Թրամփի համար շաբաթ օրը սկսվեց մի շարք հեռախոսային բանակցություններով: Առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր:
«Նախագահ Թրամփը հաստատեց Ճապոնիայի անվտանգության նկատմամբ ԱՄՆ-ի հավատարմությունը: Երկու երկրների առաջնորդները քննարկեցին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մետիսի առաջիկա այցի նշանակությունը: Նախագահ Թրամփն ու վարչապետ Աբեն հայտարարեցին, որ խորհրդակցելու և համագործակցելու են Հյուսիսային Կորեային առնչվող հարցերում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Երկու երկրների ղեկավարները նաև «պարտավորվել են խորացնել երկկողմանի առևտրային և ներդրումային հարաբերությունները»:
Րոպե-րոպե
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի մանրամասները (որը կայացել է Աբեի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո) չեն հրապարակվում: Հայտնի է միայն այն, որ ինչպես Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը՝ սա էլ տևել է 45 րոպե: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի-քարտուղար Շոն Սպայսերը:
«Կանցլեր Մերկելի հետ 45 րոպե տևած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ-ի նախագահը այժմ խոսում է այսօր նախատեսված հինգը առաջնորդներից երրորդի՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ»,- իր Twitter-յան էջում գրել է Սփայսերը: