09-12-2016 14:03

Համբուրգում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մինսկի խմբի համանախագահները ևս մասնակցել են հանդիպմանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: Լավրովը, Քերրին և Էյրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն»: