03-09-2016 11:01

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նորից կհանդիպեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին Չինաստանում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպումն անցկացվելու է G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Երկու առաջնորդները բանակցությունների հիմնական թեմաները կլինեն սիրիական ճգնաժամը և երկկողմ հարաբերությունները:
ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»:
Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, եթե Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:

Հունիսի վերջին Էրդողանը նամակ է գրել Պուտինին, որում ներողություն է խնդրել խոցված Սու-24 ինքնաթիռի համար, որից հետո ՌԴ նախագահը կառավարությանը տեղեկացրել է Անկարայի հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսելու որոշման մասին: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նաև հաղորդել է, որ Պուտինը և Էրդողանը G20 գագաթաժողովին կքննարկեն «Ակույու» ԱԷԿ-ի և «թուրքական հոսքի» կառուցումը: