Բավ է պառակտվել
22-09-2015 16:49

ԱԱԾ-ն Զարուհի Փոստանջյանին հիշեցնում է

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ Զարուհի Փոստանջյանը, փորձել է ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից հետո պետք է վրա հասնի սեփական արարքների համար պատասխանատվությունը։ Այս մասին ասվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ, որը մեջբերում ենք ստորև. «Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Ազգային Ժողովի բարձր ամբիոնը, թույլ է տվել սադրիչ արտահայտություններ: «Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով Զ. Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունն, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն, ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն և փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը: 21-րդ դարում «Բաստիլներ քանդող», ժամանակավոր կառավարություններ ձևավորող, իրենց հեղափոխական բառապաշարով հասարակությանն ակնհայտորեն հոգնեցրած և պետականության հզորացման գործում անվտանգության մարմինների դերը չհասկացող գործիչներին օգտակար կլիներ ժամանակ առ ժամանակ հաշվի նստել այն պարզ ճշմարտության հետ, որ ԱԱԾ-ն «КГБ» և «НКВД» չի և որ այստեղ ծառայել ու ծառայում են բազմաթիվ նվիրյալ հայորդիներ, ովքեր հակառակորդի ահագնացող թշնամական վարքագծի պայմաններում ամենօրյա ծանր աշխատանքով ապահովում են այդ թվում տիկին Փոստանջյանի անվտանգությունը: Չցանկանալով ներքաշվել էմոցիոնալ և անբովանդակ «քննարկումների» մեջ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»: