Բավ է պառակտվել
05-08-2016 14:12

ՀՔԾ. 42 անձ կալանավորված է, 3 անձ գտնվում է հիվանդանոցում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ 2016 թվականի օգոստոսի 2-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Ներկայումս նախաքննությունն իրականացվում է 48 քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 44 անձ, ևս 2-ը ունեն կասկածյալի կարգավիճակ: 42 անձ կալանավորված է, 3 անձ գտնվում է հիվանդանոցում: Մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով: Տուժող է ճանաչվել 19 անձ, որից 10-ը՝ որպես պատանդ վերցնելու կամ պահելու մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, նշված քրեական գործով առկա և ստացվելիք ապացույցների հիման վրա բոլոր մեղադրյալների գործողություններն անհատականացվելու են, նրանց վերագրվող արարքներին իրավական գնահատական տալուց հաշվի են առնվելու ենթադրյալ հանցագործությանը նրանց հավանական մասնակցության բնույթը և աստիճանը, յուրաքանչյուրի կատարած գործողությունների հանրային վտանգավորության աստիճանը և պատճառած հետևանքների ծանրությունը:
Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրանց փաստացի կատարած արարքներն այլ հանցակազմ չեն պարունակում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է նաև, որ մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանավորումը բացառապես նպատակ է հետապնդում քննության վաղ փուլերում կանխել նրանց հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը և ապահովել քրեական վարույթի բնականոն ընթացքը, ուստի սույն քրեական գործի քննությամբ հետաքրքրված հանրությանը համոզիչ կերպով հորդորում ենք՝ այդ խափանման միջոցի կիրառումը չգնահատել կամ չմեկնաբանել որպես պատժիչ միջոցառում:
Նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: