Բավ է պառակտվել
28-02-2015 14:13

Քննությունը չի բացառում Նեմցովի սպանության «իսլամական» վարկածը

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարեց, որ քննությունը ուսումնասիրում է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության բոլոր վարկածները: Քննիչները հարցաքննել են սպանության վկաներին և ականատեսներին: Ինչպես պարզվել է, սպանության պահին Նեմցովի կողքին գտնվել է ոչ միայն նրա ընկերուհի Աննա Դուրիցկայան: Մասնագետները պարզում են պատահարից առաջ և հետո կատարված հեռախոսազանգերի կապը դեպքի վայրի հետ: Բացի այդ ուսումնասիրվում են նաև Բորիս Նեմցովի ճանապարհի տեսագրությունները: «Ներկայումս քննությունը ուսումնասիրում է մի քանի վարկած. սպանություն երկրում քաղաքական իրավիճակը ապակայունացնելու նպատակով, և Նեմցովի անձը կարող էր դառնալ յուրօրինակ զոհ նրանց համար, ովքեր չեն խուսափում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար որևէ միոջոցներից», - պատմեց նա: Մշակվում է նաև «իսլամիստաէքստրեմիստական հետքի» հետ կապված վարկած: Նեմցովին սպառնացել էին «Շարլի Հեբդո» փարիզյան խմբագրությունում կատարված ահաբեկչության վերաբերյալ նրա դիրքորոշման կապակցությամբ: Բացի այդ ստուգվում է Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված վարկածը: Քննությունը չի բացառում նաև Նեմցովի սպանության կենցաղային և առևտրական գործունեության հետ կապված վարկածները: «Բոլոր վարկածները մանրամասնորեն կստուգվեն: Հետաքննությամբ զբաղվում են ՌԴ Քննչական կոմիտեի լավագույն ուժերը: Կօգտագործվեն Քննչական կոմիտեի տրամադրության տակ գտնվող բոլոր նորագույն տեխնոլոգիաները և ժամանակակից տեխնիկան», - նշեց Մարկինը: Ըստ քննության նախնական տվյալների՝ կրակահերթը արձակվել է «Մակարով» ատրճանակից: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 միլիմետր տրամաչափի վեց պարկուճ: «Այն, որ հանցագործությունը մանրամասնորեն նախապատրաստվել է որևէ կասկածի տեղիք չի տալիս, ինչպես նաև ընտրված սպանության վայրը: Քննության տվյալներով Բորիս Նեմցովը իր ուղեկցորդուհու հետ գնում էր դեպի իր բնակարանը, որը գտնվում է դեպքի վայրի մոտակայքում: Եվ ակնհայտ է, որ այդ հանցագործության կազմակերպիչները և կատարողները տեղյակ էին նրա ենթադրյալ ճանապարհից», - հավելեց Մարկինը: Մոսկվայում ստեղծվել է սպանության հետաքննության օպերատիվ շտաբ, սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Բացի այդ հանցագործներին սպառնում է պատիժ զենքի ապօրինի շրջանառության հոդվածով: