Բավ է պառակտվել
15-04-2016 15:37

ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարները, ովքեր Հայաստան են ժամանել այսօր կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման մասնակիցները ՀՀ նախագահին ներկայացրել են Ռազմական կոմիտեի նիստի օրակարգում ներառված հարցերն ու վերջիններիս արդիականությունը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդման գործում։ Մտքեր են փոխանակվել Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Անդրադարձ է եղել Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի առանձնազրույցը, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ քայլերի մասին: Քննարկվել է Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանին առնչվող հարցեր: