Բավ է պառակտվել
10-02-2017 13:41

Շվեյցարիան կրկին պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում. Դեսպան

Շվեյցարիան կրկին պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում. Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը:
Նա հիշեցրել է, որ 2009թ. Շվեյցարիայի միջնորդությամբ Երևանի և Անկարայի միջև երկկողմանի հարաբերություններ ստեղծելու փորձ արդեն արվել է, և Ցյուրիխում նույնիսկ համապատասխան արձանագրություններ են ստորագրվել, սակայն դրանից հետո գործընթացը սառեցվել է:
« Մենք Ցյուրիխյան արձանագրություններում մեր դերը խաղացել ենք և պատրաստ ենք կրկին աջակցություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք պատրաստակամություն հայտնեն: Սակայն խնդիրը նրանում է, որ հարաբերությունների զարգացմանը նպաստելն անհնար է, երբ այդ հարաբերություններն ի սպառ բացակայում են»,- ասել է Գոսերը:
Միևնույն ժամանակ դեսպանը նշել է, որ համատեղ դարավոր պատմություն ունեցող հարևան պետությունների միջև հարաբերությունների բացակայությունը Շվեյցարիայի համար աննորմալ երևույթ է:
Նա նշել է, որ տնտեսության տեսանկյունից առավել արդյունավետ համագործակցությունը տեղի է ունենում հենց հարևան երկրների միջև: Եվ հավելել, որ Շվեյցարիան դա հասկանալուց հետո բարելավել է իր հարևան պետությունների հետ հարաբերությունները, որոնք ոչ միշտ են դրական եղել:
« Մենք ուզում ենք տեսնել, որ հայ-թուրքական հարաբերություններն էլ նույն կերպ են զարգանում, և պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել երկրներին»,- ասել է Գլոսերը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ 1993թ.-ից, պաշտոնաակն Անկարայի նախաձեռնությամբ փակ է նաև հայ-թուրքական սահմանը:
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառներից մեկը ղարաբաղյան խնդրում Անկարայի ադրբեջանամետ դիրքորոշումն է, և 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված Թուրքիայի սուր արձագանքը:
Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց:
2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» և «Երկկողմանի հարաբերությունները զարգացնելու» վերաբերյալ արձանագրություններ էին ստորագրել, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն, 2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնող հրամանագիր, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: Այժմ արձանագրությունների վավերականացման հարցը սառեցված է: