Բավ է պառակտվել
16-04-2015 17:38

Նևադա նահանգը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Փաստաթղթում նահանգային խորհրարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն՝ իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրև պատվավոր հյուրեր, ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսևորում է ոչ միայն հայերի, այլև ճշմարտության, արդարության և մարդկության նկատմամբ: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժեքների նկատմամբ իրենց հանձնառության համար: Ըստ հաղորդագրության` փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցությունն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, Հայ Դատի հանձնախմբի տեղական կառույցը, համայնքային գործիչներ: