21-02-2015 13:26

Մոսկվայում սկսվել է «Հակամայդանի» երթը

Մոսկվայում սկսվել է Ուկրաինայում իշխանափոխության ամյակին նվիրված «Հակամայդան» շարժման ակցիան: Միջոցառման մասնակիցները կանցնեն Ստրաստնոյ զբոսայգով մինչև Հեղափոխության հրապարակ, որտեղ հանրահավաք կանցկացնեն: Միջոցառումը կանցնի «Մայդանը մեկ տարեկան է: Չենք մոռանա, չենք ների» կարգախոսի ներքո: Մոսկվայի իշխանությունները թույլ են տվել 10 հազար մարդկանց համար նախատեսված հանրահավաքի կազմակերպումը, սակայն կազմակերպիչները հայտարարել են, որ սպասում են ավելի մեծ թվով մասնակիցների: Միջոցառումը սկսվելուց առաջ հայտնի է դարձել, որ հանրահավաքաին մասնակցելու նպատակով հավաքվել է շուրջ 26 հազար մարդ: Ակցիայի մասնակիցների շարքում են վետերանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես, «Մարտական եղբայրություն», «Ռուսաստանի սպաները» կազմակերպություններից, ինչպես նաև երիտասարդական միությունների ներկայացուցիչներ և կազակներ: Մասնակիցները իրենց հետ բերել են դրոշներ և «Ռուսաստանը և Չեչնյան միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կենդանի օրինակ է», «Մայդանը անհրաժեշտ է Ռուսաստանի թշնամիներին», «Մենք աջակցում ենք Դոնբասին» գրառումներով պաստառներ: «Հակամայդան» շարժումը ստեղծվել է 2015 թվականի հունվարի կեսին: «Հակամայդանի» նախաձեռնող խմբի անդամներն են «Գիշերային գայլեր» բայքերների ակումբի ղեկավար Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է Վիրաբույժ մականվան տակ, սենատոր Դմիտրի Սաբլինը, գրող Նիկոլայ Ստարիկովը, մարտ առանց կանոնների սպորտաձևի աշխարհի չեմպիոն Յուլիա Բերեզիկովան: