Բավ է պառակտվել
12-11-2016 14:08

Ադրբեջանի կանխամտածված գործելաոճը ստատուս-քվոյին այլընտրանք չի թողնում. Շ. Քոչարյան

Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որից միշտ սպասելի են հնարավոր արկածախնդիր քայլեր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին Ստեփանակերտում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով երեկ առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ հարցին:

«Ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանի բլից կրիգը չի իրականացվել եւ, ի հակառակ իր հաշվարկների, հայկական պետությունների պոտենցիալը շատ ավելի բարձր էր: Բաքվի նման գործողությունները միայն խոչընդոտում են բանակցային գործընթացի վերսկսմանը եւ, հատկապես, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ադրբեջանի իշխանությունների նման կանխամտածված գործելաոճը ստատուս-քվոյին այլընտրանք չի թողնում, որից հաճախ բողոքում են հենց իրենք: Հակառակ դեպքում նրանք հնարավորություն կտային այդ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- մանրամասնել է Շ. Քոչարյանը:

Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ այն պետք է բաժանել երկու հարթակի. «Մեկը բուն բանակցություններն են՝ կապված կարգավորման հետ: Երկրորդը՝ բանակցություններ, որոնք ուղղված են զինադադարի ռեժիմի ամրապնդմանը:

Այսօր մենք խոսում ենք միայն երկրորդ հարթակի մասին, որովհետեւ, ինչպես բազմիցս ասել ենք, քանի կան կրակոցներ, սադրանքներ, խոսել, որ բանակցություններում կարող է առաջընթաց լինել, ուղղակի միամտություն է: Այդ տեսակետից այս վերջին սադրանքները եւս մեկ անգամ հուշում են, որ պետք է օր առաջ սկսել կյանքի կոչել Վիեննայի համաձայնությունները»:

Անդրադառնալով առաջիկայում հնարավոր երկկողմ հանդիպումներին՝ Շ. Քոչարյանը մասնավորապես ասել է. «Համենայն դեպս խոսքը գնում է արտգործնախարարների հանդիպման մասին եւ եթե լինի էլ, այնտեղ էլ շեշտադրումը լինելու է հենց այն, ինչի մասին նոր ասացի»: