01-10-2015 15:12

Կարծում եմ՝ մոտակա ժամանակ Ադրբեջանը խելքը գլուխը կհավաքի. Շ.Քոչարյան

«Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի»,-այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորում Ադրբեջանի նման պահվածքը: Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա, ըստ փոխնախարարի, Ադրբեջանն անցել է բոլոր սահմանները: «Խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլ նաև այն լկտիությանը, որով նա վերաբերվում է միջազգային իրավունքին՝ իր իսկ ստանձնած պարտավորություններին»,- նշեց Շ.Քոչարյանը: Նա հիշեցրեց 1994 թվականին ընդունված զինադադարի պայմանագիրը: «Զինադադարի մասին կա եռակողմ համաձայնագիր: Ի դեպ Ադրբեջանն է խնդրել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որպեսզի այդ զինադադարը կնքեն: Կա 1995թ-ի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմը ամրապնդելու մասին, ստացվում է, որ միջազգային իրավունքը իր համար ոչինչ է: Այսինքն՝ նույն վարվելակերպն է, որն այսօր դրսևորում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունները, նույն ձեռագիրն է՝ մարդկանց սպանել, հուշարձաններ ոչնչացնել և այլն: Ադրբեջանն իր այս քայլերով մոտեցնում է, որպեսզի հասունանա ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը»,- ասաց Շավարշ Քոչարյանը: