12-08-2016 15:32

Մոսկվա-Թեհրան-Բաքու համագործակցությունը ԼՂ հակամարտության վրա չի անդրադառնա

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվել է տնտեսապես շահավետ համագործակցություն, սակայն չեմ կարծում, որ դա կարող է որեւէ բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանային հակամարտությունների վրա, այդ թվում՝ ղարաբաղյան: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է թե չարժե ինչպես գերագնահատել, այնպես էլ թերագնահատել այդ համագործակցությունը. «Բնական է, յուրաքանչյուր երկիր քաղաքականություն է իրականացնում հանուն սեփական շահերի: Մենք Ռուսաստանի հետ ծրագրեր ունենք, որոնց Ադրբեջանը ներգրավված չէ. նույն Եվրասիական տնտեսական միությունը, բազմաթիվ նախագծեր կան Իրանի հետ, որոնցում եւս Ադրբեջանը ներկայացված չէ: Այս տեսանկյունից յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումն է հարաբերություններ զարգացնել. ներկայիս աշխարհում գրեթե բոլորը բոլորի հետ համագործակցում են եւ բոլորի հետ մրցակցում»,- ասել է Շարմազանովը:

Խորհրդարանի փոխնախագահը չի կարծում, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան համագործակցությունը որեւէ լուրջ ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Միեւնույն ժամանակ, եթե նույնիսկ այն հակամարտության վրա ազդեցություն ունենա, ապա միայն դրական, քանի որ տարածաշրջանում երկարաժամկետ նախագծերի իրականացումը կարող է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը: Որքան տարածաշրջանում մեծ թվով ինտեգրացիոն նախագծեր իրականացվեն, այնքան փոքր է ռազմական գործողությունների հավանականությունը: Եվ որքան հարավկովկասյան տարածաշրջանը ներգրավվի ինտեգրացիոն նախագծերին, այնքան խաղաղությանը մոտենալու քայլ կկատարենք»,- հավելել է Էդուարդ Շարմազանովը: