11-02-2016 08:52

ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ունի նախնական համաձայնություն՝ միասնաբար աշխատելու հարցում

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՅԴ-ի հետ ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու հարցում, իսկ վերջնական համաձայնության մասին կիմանաք մինչև շաբաթվա վերջ»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստի ընթացքում անդրադարձել են ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափին, ինչպես նաև քննարկվել են ներկուսակցական, արտաքին քաղաքական հարցեր: «Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ ՀՅԴ-ի հետ այսօր ունենք ընդհանուր համաձայնություն՝ միասին աշխատելու»,- ընդգծեց Շարմազանովը: Հարցին, թե բացի կրթության և գիտության նախարարի պորտֆելից ի՞նչ պաշտոններ է ստանալու ՀՅԴ-ն, Շարմազանովը կրկնեց, որ համաձայնությունը նախնական է: «Ես նշեցի, որ կա նախնական համաձայնություն, իսկ «նախնական» բառը նշանակում է, որ դեռ վերջնական չէ: Ուստի, ես իրավունք չունեմ՝ անկախ նրանից ինֆորմացիայի տիրապետում եմ, թե ոչ, հրապարակային՝ որպես կուսակցության խոսնակ, անուն-ազգանուններով ներկայացնեմ, թե այս փուլում ինչ կա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նախնական համաձայնությունը 100%-ը չէ, այլ 99, 9 կամ 99, 5%-ը: Միաժամանակ Էդուարդ Շարմազանովը մի փոքր բացելով փակագծերը՝ ընդգծեց. «Ես ձեզ արդեն մեսիջը տվեցի՝ կա քաղաքական համաձայնություն: Անուն-ազգանուն-հայրանունների մասին կիմանաք շաբաթվա վերջում: Մամուլում հրապարակած նյութերի մի մասը համապատասխանում է, մյուս մասը չի համապատասխանում: Մեր համաձայնությունը ոչ թե զուտ մեխանիկական պաշտոնների հանձնման հարցն է, այլ լուրջ ծրագրի դրույթների վրա պետք է լինի»: Շարմազանովը նաև ասաց, որ ՀՅԴ-ին տրվելիք պաշտոնների հարցը հիմնականում լուծված է: Ըստ նրա՝ բացի նախարարական պորտֆելներից՝ ՀՅԴ-ն կստանա նաև մարզպետի պաշտոններ: