11-08-2016 15:23

Շարմազանով. Հայաստանիև ԼՂՀ-ի դիրքերը երբեք այնքան շահավետ չեն եղել, որքան այսօր

Բանակցությունների եւ քննարկվող փաստաթղթերի տեսանկյունից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքերը երբեք այնքան շահավետ չեն եղել, որքան այսօր: Այդ մասին օգոստոսի 11-ին լրագրողներին հայտնել է Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ գերակա խնդիրը հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է: «Ես չեմ ասում, թե այսօր դա քննարկման է դրված, դա մեր երազանքի փաստաթուղթն է, բայց այսօրվա փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններ են վարվում, ավելի շահավետ է, քան այն փաստաթուղթը, որը մենք «Մադրիդյան սկզբունքներ» ենք կոչում: Իհարկե «Մադրիդյան սկզբունքները», ինչպես նաեւ «Կազանյան փաստաթուղթը» մենք որպես հիմք ենք ընդունում», - նշել է Շարմազանովը: Նրա տեսանկյունից, անհրաժեշտ է մի կողմ թողնել, չխոսել հակամարտության հետեւանքների մասին: «Նախ եւ առաջ մենք պետք է խոսենք պատճառների վերացման մասին: Պատճառը եղել է այն, որ Ադրբեջանը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեի անցկացման իրավունքը: Պետք չէ խոսել տարածքների մասին. տարածքները, փախստականները ընդամենը հետեւանքն են այն քաղաքականության, որը վարում է Ադրբեջանը», - ասել է ԱԺ-ի փոխնախագահը: Սա տարածքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի իրացման հարց է:

«Ադրբեջանի դրոշը Ղարաբաղում կարող է բարձրացվել այն դեպքում միայն, եթե Բաքուն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ստեփանակերտում դեսպանատուն բացի եւ դեսպանատան շենքի վրա լինի Ադրբեջանի դրոշը: Այդ դեպքում Բաքվում կբարձրացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը», - ամփոփել է Էդուարդ Շարմազանովը: