Բավ է պառակտվել
17-10-2016 17:08

Շարմազանովը թարմացրել է Լավրովի հիշողությունը

Թուրքիան ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով, իսկ հայկական կողմը դրան դեմ է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով՝ կոշտ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Նա նշեց, որ նախ ցանկանում է եւս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը՝ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մի շարք պատճառներով. «Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով, իսկ հայկական կողմը դրան դեմ է: Ինչո՞ւ ենք դեմ, որովհետեւ այս տարիների ընթացքում Թուրքիան ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշում, երբեմն նաեւ հանցագործ դիրքորոշում: Պարոն Լավրովին հիշեցնեմ իր իսկ հնչեցրած միտքը, որը նա ասել էր ապրիլի 22-ին Երեւանում, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր: Եվ նա ասել էր, որ Թուրքիայի նման գործելաոճը հստակորեն դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին եւ Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ի գնահատականի հետ լիովին համամիտ ենք»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ այս տարիներին, նաեւ ապրիլյան պատերազմում, Թուրքիան ցուցաբերել է բացառապես հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում եւ անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Մեր նպատակը, հուսով եմ նաեւ համանախագահ երկրների նպատակը, մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման, ոչ թե ռազմական լուծման»,- հավելեց Շարմազանովը:

Լրագրողները հարցրին, թե եթե ՌԴ արտգործնախարարի շուրթերով է նման հայտարարություն արվում, դա ի՞նչ է նշանակում, արդյոք Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություն կա, Շարմազանովը պատասխանեց. «Ազգային ժողովի փոխխոսնակի շուրթերով էլ ասում եմ, որ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Մենք անկախ պետականություն ենք եւ թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ ու միակողմանի դիրքորոշումները լինեն խաղաքարտերին: Թուրքիան նախեւառաջ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ ու ամբողջական կլիներ, եթե միջազգային հանրությունը ստիպեր Թուրքիային կատարել իր իսկ կողմից ստանձնած Ցյուրիխյան պարտավորությունները: Ավելին, նաեւ Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հնարավոր պայմանավորվածությանը, նա նշեց, որ պարզ է, Թուրքիան խնդիր ունի այս տարածաշրջանում մեծացնելու իր դերը. «Բայց պարզ է նաեւ, որ Թուրքիան այս հարցում անելիք չունի, եւ ՀՀ-ն, եւ ԼՂՀ-ն, երբեք չեն համաձայնի, որպեսզի Թուրքիան որեւէ դերակատարում ունենա կարգավորման գործում»:

Լրագրողները նաեւ հետաքրքվեցին՝ հայկական կողմին չի՞ մտահոգում, որ Ռուսաստանը Հայաստանի թիկունքում նման երկակի խաղեր է խաղում, ինչին Շարմազանովն արձագանքեց, որ համանախագահ երկրները բազմիցս հայտարարել են, որ խնդիրը բացառապես պետք է լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով՝ երեք համանախագահների միջնորդությամբ: «Ավելին, ՀԱՊԿ երեւանյան հռչակագիրը հստակ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, վերահաստատում են իրենց հավատարմությունը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Թե Վիեննայում, թե Սանկտ Պետերբուրգում վերահաստատվեց, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում եւ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով»,- նշեց նա:

Շարմազանովն ասաց, որ Մինսկի խմբի ձեւաչափոի փոփոխություն չի նախատեսվում, հայկական կողը դրան դեմ է: