Բավ է պառակտվել
06-10-2015 16:23

Մարդ դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողն ինքն է եղել.Շարմազանովը՝ Քոչարյանին

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հնչեցրած գնահատականներին, ասաց. «Այդ մեկ հարցանոց հարցազրույցում հստակ երևում էր երկրորդ նախագահի հարցազրույցի անկյունաքարը: Անկյունաքարը հետևյալ պնդումն էր, որ այս Սահմանադրությունը դառնալու է արատավոր համակարգի վերարտադրության գործիք: Ուշադրություն դարձրեք արատավոր համակարգի վերարտադրման գործիք բառակապակցությանը: Հիմա ես հարցեր ունեմ՝ եթե արատավոր համակարգի վերարտադրության գործիք է, ապա այդ արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, ի՞նչ պայմաններում է առաջացել, այսօր, թե՞ տարիներ առաջ է, ո՞րն է դրա ծնող պայմանները: Երկրորդ, եթե իրոք համակարգը արատավոր է և այդ համակարգը պետք է վերարտադրվի, ապա ոչինչ չփոխելով ինչպե՞ս պետք է մենք պայքարենք այդ արատավոր համակարգի վերատարդման դեմ»: «Մյուս կողմից ինձ համար հասկանալի են երկրորդ նախագահի գնահատականի օբյեկտիվ հիմքերը, որովհետև լիովին մարդկային և հասկանալի է, երբ մարդ շատ դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողն ինքն է եղել»,-հավելեց Շարմազանովը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իր պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել էր, թե դեմ է սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, թե այն դառնալու է արատավոր համակարգի վերարտադրման գործիք: