Բավ է պառակտվել
30-01-2016 09:12

ՀՅԴ հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը. Շարմազանով

ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը, միգուցե հաջորդ նիստի ընթացքում կամ դրանից հետո նոր զարգացումների մասին կխոսենք: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այս պահին հստակեցված չէ, կապրենք, կտեսնենք: Այս պահին նաև որևէ պաշտոնների բաշխում, որևէ կոալիցիոն քննարկում, որևէ վերջնական որոշում տեղի չի ունեցել»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Է.Շարմազանովը նշեց, որ նաև, ՀՀԿ-ն դռները չի փակում, իրենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ են և այդ համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական. «Մենք վերջնական որոշում չունենք ապագայի հետ կապված: Ինքնանպատակ համագործակցություն չի լինում, այն պետք է լինի գաղափարական և ծրագրային»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ՀՀԿ-ն քննարկում է նաև համագործակցության հնարավորություն ԲՀԿ հետ, Շարմազանովն ասաց, որ այս պահին ինչ գրում է, գրում է մամուլը. «Եթե նույնիսկ եղել է հանդիպում, ապա վերջնական որոշում դեռ չկա: ՀՀԿ գործադիր մարմինը վերջնականապես չի քննարկել, թե ում հետ պետք է գնանք համագործակցության, ինչպիսի ձևաչափ պետք է լինի, կլինի կոալիցի, թե չի լինի: Ինքնանպատակ կոալիցիաներ, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել»,- հավելեց նա: