Բավ է պառակտվել
13-09-2014 13:00

Բելառուսը ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է. Վ.Գումինսկի

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ նշելով, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար կարեւոր հարթակ է հանդիսանում խորհրդարանական ձեւաչափը: Պարոն Շարմազանովն այս համատեքստում կարեւորեց երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որը կատարել է բավարար աշխատանք: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Պարոն Գումինսկին իր հերթին նշեց, որ Բելառուսը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականներին հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Վիկտոր Գումինսկին իր հերթին կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն արդեն 10 տարի արդյունավետ գործում է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա ընդգծեց, որ խորհրդարանականներն իրենց հերթին պետք է ամեն ինչ անեն, որ նման ողբերգություններն այլեւս չկրկնվեն: Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում: Կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: