23-04-2016 08:59

Որոշողը լինելու է Ղարաբաղի ժողովուրդը. Շարմազանով

Այս փուլում բանակցությունների վերականգնման մասին խոսելը դեռևս վաղ է, ասել է ՀՀԿ փոխխոսնակը

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան, այս մասին ուրբաթ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Լավրովի այցելությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կունենան զարգացում, բոլոր ոլորտներում կունենանք առաջընթաց, պատահական չէ, որ արտգործնախարարը նշեց`Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է: Սա մեսիջ է ոչ միայն Հայաստանին, նաև դրսին: Արտգործնախարարը այն մարդը չէ, որ պատահական հայտարարություն անի»,-ասել է Շարմազանովը։

Շարմազանովը շեշտել է, որ այս փուլում բանակցությունների վերականգնման մասին խոսելը դեռևս վաղ է:

«Որոշողը լինելու է Ղարաբաղի ժողովուրդը: Բանակցություններ սկսելու համար պետք են վստահության մեխանիզմներ, պետք է հետաքննություն, և պետք է սպառազինությունների բալանսավորում ու գիտակցություն, որ Ադրբեջանը չի գնա երկրորդ անգամ նման ահաբեկչական գործողությունների: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սանկցիաների ենթարկի Ադրբեջանին»,- ասել է Շարմազանովը։

 Նրա խոսքով` ռազմական ճակատում հայ հերոսների կյանքի գնով հնարավոր եղավ չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքը, և «այսօր դիվանագիտական ասպարեզում արձանագրեցինք, որ Ադրբեջանի` 94 թվականին կնքած զինադադարից դուրս գալու ու նոր փաստաթուղթ բերելու ծրագիրը այս պահին ձախողված է»:

ՀՀԿ խոսնակը շեշտել է, որ պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովրդի հովանավորը տեր Աստվածն ու ժողովրդի միասնությունն են։
«Պատերազմը ցույց տվեց, որ ոչ մեկ սխալվելու իրավունք չունի, քսան անգամ պիտի չափենք, մի անգամ գործենք, 20 անգամ չափենք, մեկ անգամ խոսենք: Մենք պետք է ունենանք բարոյական իշխանություն, բարոյական ընդդիմություն, բարոյական սերունդ»,- նշել է Շարմազանովը: