10-01-2014 16:46

Շանթ Հարությունյանն ուշագնաց է եղել. փաստաբան

Այսօր անցյալ տարի նոյեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ուշագնաց է եղել, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վերջիսնիս փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանը: «Քիչ առաջ վերադարձա նրա մոտից, փաստորեն հայտարարեց, որ այսօր դադարեցրեց հացադուլը, ես նրան մեկ ժամից ավելի սպասում էի, չէին ներկայացնում, շատ վատ վիճակում էր, ուշաթափվել էր, բուժօգնություն էին ցույց տալիս, մեկ ժամ հետո նոր կարողացավ ներկայանալ, շատ գունատ էր, քանի որ այսօր միանգամից սովորական սնունդ են տվել և միանգամից վատացել է: Հենց առաջին օրը նրան ձու են տվել»,-ասաց փաստաբանն ու՝ ավելացրեց, որ Շանթ Հարությունյանի տեղափոխումից նույնպես շատ դժգոհ է, շատ վատ պայմաններում են տեղափոխել:
Դատարանը որոշել է ևս երկու ամիս երկարացնել նրա կալանքը։ Փաստաբանի խոսքով, քննչական մարմնից իրեն ասել են, որ իր պաշտպանյալը մեղսունակ է, սակայն պաշտոնապես դեռ ոչինչ չեն ասել: Այդուհանդերձ նա նշեց. «Շանթը հիմա շատ ոգեշնչված է, շնորհակալություն է հայտնում իր սատարողներից, նշեց, որ իր հոգին անկոտրում է, ինքը շարունակելու է պայքարել»:
Փաստաբանի փոխանցմամբ՝ վարույթ իրականացնող մարմնից մինչ օրս Շանթ Հարությունյանը որևէ գրավոր պատասխան չի ստացել, որևէ հիմնավորում չկա իր ձերբակալության մասին:
Տեսակցությունների արգելքը շարունակվում է արդեն 3 ամիս, ինչն Ինեսսա Պետրոսյանը անհիմն համարեց՝ ընդգծելով, որ ձերբակալվածներին ուղղակի պատժում են և փորձում են հաշվեհարդար տեսնել:
«Մենք վերաքննիչ բողոքով խնդրել ենք կալանքը վերացնել, սակայն մարդն այդքան ժամանակ գտնվեց հացադուլի մեջ, ու ոչ մի ազդեցություն, ոչ մի արձագանք»,-եզրափակեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն Ոստիկանությունը թույլ չէր տվել շարունակել երթը, տեղի էին ունեցել բախումներ և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում և Շանթ Հարությունյանը։
Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):