31-01-2015 12:28

Սարգսյանը 2-րդ անգամ մերժեց Էրդողանին

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի ինտերնետային կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին, որի ժամանակ նա մեկնաբանել էր Թուրքիայի նախագահի հրավերն ու տրված պատասխանը: ՀՀ նախագահի ելույթը «Hurriyet»-ը բնութագրել է որպես երկրորդ մերժողական պատասխան` ուղղված Էրդողանի հրավերին: Իսկ վերնագրում տեղ է հատկացվել Սերժ Սարգսյանի հնչեցրած որակմանը, այն է` Էրդողանի հրավերի ցինիկ և անհեռատես քայլ լինելը: Լրատվամիջոցը որոշակի կրճատումներով ուղիղ մեջբերում է արել ՀՀ նախագահի ելույթից ներքոնշյալ հատվածից: «Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին»: Hurriyet-ը, վկայակոչելով ՀՀ նախագահի ելույթը, նաև նշում է, որ Թուրքիայի կատարած նմանօրինակ անպարկեշտ քայլերն ի ցույց են դնում ոչ միայն նրա քաղաքական թուլությունը, այլ նաև իրավական պատասխանտվությունից խուսափելու ձգտումը: