Բավ է պառակտվել
03-03-2017 11:44

Սերժ Սարգսյանը Euronews-ին պատմել է, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը Եվրոպային (Տեսանյութ)

Հայաստանն ու Եվրամիությունը ավարտել են Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Դա տեղի է ունեցել այս շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ընթացքում: Գործարքը ստորագրվելու է մայիսին:
Նախատեսվում էր, որ Հայաստանը, ինչպես նաև Ուկրաինան, 2013թ. Վիլնյուսում անցնող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին պետք է ստորագրեին ԵՄ-ի հետ Ասոցացման և ազատ առևտրի վերաբերյալ ավելի ընդգրկուն համաձայնագիր, բայց դա նրանց չհաջողվեց:
Դրան հաջորդեց Կիևի Եվրամայդանը, ինչպես նաև բողոքի ցույցերը Երևանում: 2015թ. տևական ժամանակ այստեղ անցնում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներ: Իսկ նախագահի հրաժարականի և ընդդիմության գործչին (Ժիրայր Սեֆիլյանին) ազատ արձակելու պահանջը հանգեցրեց 2016թ. պատանդների հետ կապված ճգնաժամին («Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը):
2013թ. ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու փոխարեն Սերժ Սարգսյանը հրահանգեց, որպեսզի Հայաստանը անդամակցի նախկին Խորհրդային մի շարք երկրների ստեղծած Մաքսային Միությանը: Ավելի ուշ այն վերածվեց ԵՄ-ի օրինակով ստեղծված Եվրասիական տնտեսական միության, որում առաջատար դերը Ռուսաստանինն է:
Հայաստանում Ռուսական ռազմական ներկայությունը կոչված է Ադրբեջանի հետ հարաբերություններում մշտական լարվածության պայմաններում ապահովել ՀՀ-ի անվտանգությունը: Երկու պետությունները արյունալի պայքար են մղում Լեռնային Ղարաբաղի տարածքների համար: Ընդ որում հայ զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելություններին:
Ապրիլի 2-ին Հայաստանում կանցնեն խորհրդարանական ընտրություններ: Դրանք հաջուրդում են 2015թ. սահմանադրական բարեփոխումներին, որոնց ժամանակ որոշում կայացվեց երկիրը վերածել Խորհրդարանական Հանրապետության:
Սերժ Սարգսյանն այս ամենի մասին խոսել է «Euronews»-ին տված հարցազրույցում: Նախագահին հարցեր է ուղղել թղթակից Անդրեյ Բեկետովը:
«Եվրանյուս». Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրի հետ համեմատած( որից Հայաստանը հրաժարվեց 2013թ.) հետ քա՞յլ է, թե՞ առաջընթաց:
Սերժ Սարգսյան. Երկու կողմերի բարի կամքի շնորհիվ նոր համաձայնագիրը այդքան էլ չի տարբերվում նախորդից: Քաղաքական մասում գրեթե ոչ մի տարբերություն չկա: Ինչ վերաբերվում է տնտեսական մասին, ապա մենք պետք է խուսափեինք Եվրասիական տնտեսական միության առաջ ստանձնած պարտավորությունների հետ եղած հակասություններից, քանի-որ մենք դրա անդամն ենք հանդիսանում:
«Եվրանյուս». Ռուսաստանը դեմ էր ԵՄ-ի հետ Հայաստանի և Ուկրաինայի ասոցացմանը: Ստիպված չե՞ք եղել արդյոք թուլացնել փաստաթուղթը, որպեսզի այն հարմար լիներ Ռուսաստանին:
Սերժ Սարգսյան. Իսկզբանե, բանակցություններ ամենասկզբում, մենք հասկանում էինք, որ կարող ենք ունենալ և՛ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, և՛ սերտ ինտեգրում Եվրասիական տնտեսական միությանը: Ռուսները մեզ երբեք չեն ասել, որ մենք չենք կարող նման համաձայնագիր ստորագրել: Նրանք ասել են՝ կարող եք, եթե ուզում եք, բայց այդ դեպքում ստիպված կլինեք էներգամատակարարման համար վճարել այնպիսի գներ, որոնք գործում են համաշխարհային շուկանում:
«Եվրանյուս». Կկարողանա՞ արդյոք Եվրասիական տնտեսական միությունը ապագայում հավասարվել Եվրոպական Միությանը:
Սերժ Սարգսյան. Կարծում եմ, որ դեռ շատ վաղ է խոսել հավասար մակարդակի մոտենալու մասին: Ավելի ճիշտ է խոսել այս երկու տնտեսական բլոկերի միջև համագործակցության մասին: Մենք սեփական օրինակով ենք ցույց տալիս, որ դա հնարավոր է:
«Եվրանյուս». Ի՞նչ կարող եք առաջարկել Եվրամիությանը: Ֆուտբոլիստ Մխիթարյանը լավ տարբերակ է, իսկ է՞լ ինչ:
Սերժ Սարգսյան. «Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Հենրիխ Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև բարձրորակ գյուղատնտեսական ապրանքներով: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի հարևան, կանխատեսելի հարևան:
«Եվրանյուս». Հայաստանը իր անվտանգության ապահովման հարցում հենվում է նաև Ռուսաստանի վրա: Չե՞ք տեսնում արդյոք այլընտրանք, օրինակ՝ ՆԱՏՕ-ի տեսքով:
Սերժ Սարգսյան. «Ես հենց նոր հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և նրան հրավիրել Հայաստան, մեր հաջող համագործակցության 25- ամյակի տոնակատարությունների կապակցությամբ: Մենք այս համագործակցության և Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների միջև որևէ հակասություն չենք տեսնում:
« Եվրանյուս». Ու՞ր եք տանում ներկայիս նախագահական պետությունը: Ինչի՞ է վերածվելու Հայաստանը:
Սերժ Սարգսյան.Դա լինելու է ցանկալի երկիր յուրաքանչյուր հայի համար: Ես միանգամայն վստահ եմ, որ կառավարման խորհրդարանական մոդելը ավելի էֆեկտիվ է: Այն ավելի լավ հնարավորություններ է ստեղծում պետական կառավարման համար: Այն ավելի լայն հնարավորություններ է տալիս քաղաքացիներին և թույլ է տալիս, որ քաղաքացիական հասարակությունը հնարավորություն ունենա մասնակցել երկրի կառավարմանը: Մենք կցանկանայինք նաև այնպիսի պայմաններ ստեղծել, որոնց առկայության դեպքում մեր քաղաքացիները բողոքի համար պատճառ չէին ունենա:
«Եվրանյուս». Եվ Ձեր մասին: Սերժ Սարգսյանի անունը բացակայում է ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունների իշխող Հանրապետական կուսակցության ցուցակում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Դուք լքում եք քաղաքականությունը:
Սերժ Սարգսյան. Դա նշանակում է, որ իշխանությունը հաշվի է առել ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններն առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվեն իշխանական ռեսուրսները: Դա նշանակում է նաև, որ մենք հնարավորություն ենք ստեղծում երիտասարդների համար՝ քաղաքականությունում իրենց դրսևորելու համար: Ահա, արդեն 10 տարի է, ես Հանրապետական կուսակցության առաջնորդն եմ, և ես կմնամ այդ կարգավիճակում: