Բավ է պառակտվել
04-02-2014 19:18

Սերժ Սարգսյանը Չեխիայում անրադարձել է ԼՂՀ-ին և Ադրբեջանի սադրիչ գործողություններին

 Արցախն արդեն ավելի քան 20 տարիների ընթացքում հաջողությամբ արարում է, կառուցում ժողովրդավարական հասարակություն եւ պետականություն՝ հիմնվելով եվրոպական արժեքների վրա: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չեխական «Lidovе noviny» (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում:

Լրագրողի հարցին՝ արդյոք Ղարաբաղը հանդիսանո՞ւմ է անկախ պետություն, Սերժ Սարգսյանը ասել է. «Առաջին հերթին առաջարկում եմ Ձեզ այցելել Լեռնային Ղարաբաղ եւ բացահայտել աշխարհի հնագույն անկյուններից մեկը, ծանոթանալ հոգեւոր-մշակութային բազմադարյա ժառանգությանը, զգալ Արցախի ժողովրդի ջերմ հյուրընկալությունը եւ հասկանալ նրա արժեքային համակարգը, սեփական փորձով ծանոթանալ արցախյան իրականությանը»:

«Ես վստահ եմ, որ Արցախ այցելությունից հետո, Դուք կհամալրեք աշխարհի տարբեր անկյուններից հարյուրավոր լրագրողների, հասարակական եւ քաղաքական գործիչների շարքը, ովքեր հիացմունքով են հիշատակում այնտեղ ապրող ժողովրդի քաղաքացիական ինքնագիտակցության բարձր մակարդակի, նրա ժողովրդավարական արժեքների, պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների անցկացման բարձր մակարդակի, պետական ինստիտուտների արդյունավետության մասին: Արցախն արդեն ավելի քան 20 տարիների ընթացքում հաջողությամբ արարում է, կառուցում ժողովրդավարական հասարակություն եւ պետականություն՝ հիմնվելով եվրոպական արժեքների վրա»,- նշել է նախագահն ու հավելել. «Նման այցերի արդյունքում լրագրողներն իրենց տեսածը փոխանցում են ընթերցողներին՝ ներկայացնելով Արցախի մասին ողջ ճշմարտությունը: Չէ՞ որ, ինչպես ասել է ականավոր չեխ գրող, դրամատուրգ, իրավապաշտպան եւ պետական գործիչ Վացլավ Հավելը. «Երբ ճշմարտությանը լիակատար ազատություն տրված չէ, ապա ազատությունը լիակատար չէ»: Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Արցախ շատ մարդիկ այցելեն: Ղարաբաղ այցելողներին ադրբեջանցիներն ինչ-որ սեւ ցուցակներում են ներառում, իսկ հետո արգելում են Ադրբեջան այցելել: Բայց, վստահեցնում եմ Ձեզ, նույնիսկ այդ պարագայում Դուք կհայտնվեք աշխարհի նշանավոր մարդկանց շատ պատվավոր ցուցակում, ովքեր իրենց քաղաքացիական դիրքորոշումը բարձր են դասել սպառնալիքներից ու ահաբեկումներից:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առարկա է: Համանախագահների ներկայացրած առաջարկությունների տրամաբանության համաձայն, վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»:

Խոսելով հակամարտության մասին՝ Սարգսյանը նշել է. «Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ անցավ հարակից շրջանների մի մասը: Այդ հողերը բուֆերային գոտու դեր են կատարում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվտանգությունը հնարավոր հրետակոծություններից եւ ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պաշտպանական դիրքերը նոր ագրեսիայի դեպքում: Ադրբեջանը մշտապես սադրում է իրավիճակը շփման գծում: Հատկապես բանակցությունների հերթական փուլի նախօրեին կամ անմիջապես դրանց ավարտից հետո, ինչպես նաեւ այլ պետություններից բարձրաստիճան պետական պաշտոնյաների այցերի օրերին: Բառացիորեն օրերս Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի մարտիկները հետ մղեցին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի եւս մեկ դիվերսիոն հարձակում: Ադրբեջանական հետախույզների խումբը չկարողացավ իրականացնել ամիսներով ծրագրած դիվերսիան եւ ստիպված եղավ փախուստի դիմել՝ իր հետ տանելով մի քանի դիակ եւ պայթելով ականադաշտում»:

Ըստ Սարգսյանի, գոյություն ունեցող շփման գիծը ամրացված ինժեներական շինություններ են եւ ամենակարճ սահմանը, որ թույլ է տալիս ղարաբաղցիներին պաշտպանվել ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ, ծայրահեղ ազգայնամոլ, երբեմն՝ ֆաշիստական հռետորաբանության ֆոնին: «Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղը եւ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը՝ Երեւանը, Հռոմի հասակակիցը, ադրբեջանական պատմական հողեր են, եւ այդ ամենը երբեւէ կբռնակցվի Ադրբեջանին: Նա այդ մասին խոսում է հրապարակայնորեն, եւ Ղարաբաղի իշխանություններին այլ բան չի մնում, քան «վառոդը չոր պահել»,- նկատել է նախագահը:

Դիտարկմանը թե Հայաստանում  տեղակայվածՌուսաստանի ռազմաբազան ինչի՞ց է պաշտպանում, Թուրքիայից եւ Ադրբեջանի՞ց, Սարգսյանն արձագանքել է. «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանմանը: Այդ բազան խոր պատմական արմատներ ունի, անցել է լուրջ մարտական ուղի: Բազայի մասին համաձայնագրով այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգում կարեւոր բաղադրիչ է՝ բոլոր ուղղություններով հնարավոր սպառնալիքների դեպքում: Վերջերս մենք Նախագահ Պուտինի հետ Գյումրի քաղաքում այցելեցինք այդ բազան:

Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիրներից մեկը: Ռուսաստանի հետ մեզ կապում է նաեւ ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն արտացոլված է մի ամբողջ շարք պայմանագրերում ու համաձայնագրերում: Հայաստանը հավատարիմ է անվտանգության համակարգերի համատեղման սկզբունքին եւ հանդես է գալիս բաժանարար գծերի դեմ՝ եւ´ հին, եւ´ նոր»:

Պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին էլ Սարգսյանը պատասխանել է. «Ցավոք, պատմության դասերը ոչ միշտ են պատշաճ կերպով հաշվի առնվում: Այսօր էլ Ադրբեջանը չի դադարում բարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի եւ Արցախի հասցեին՝ արհամարհելով միջազգային հանրության կոչերը՝ ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի:

90-ականների սկզբներին Ադրբեջանը բանակի եւ ռազմական տեխնիկայի թվաքանակով շատ ավելի էր գերազանցում Հայաստանն ու Արցախը միասին վերցրած, քան այսօր: Սակայն, ռազմական գործողությունների ելքի վրա ազդեց ոչ թե այդ հանգամանքը, այլ արցախցիների բարձր բարոյական ոգին եւ իրենց Հայրենիքը պաշտպանելու վճռականությունը: Արդյունքում, ագրեսիա սանձազերծած Ադրբեջանն ստիպված եղավ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների ճանապարհով զինադադար խնդրել:

Ե՛վ Հայաստանը, եւ՛ Արցախը լիովին կիսում են Մինսկի խմբի համանախագահների այն մոտեցումը, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք վստահ ենք, որ ուժի նոր կիրառումը կարող է նոր զոհերի եւ ավերածությունների պատճառ դառնալ, բայց երբեք չի լուծի Ղարաբաղի խնդիրը: Հուսով եմ, որ վաղ թե ուշ ողջախոհությունը կհաղթի, այդ ընկալումը կդառնա գերիշխող, եւ մեզ վերջապես կհաջողվի հաստատել երկարաժամկետ կայունություն եւ խաղաղություն մեր տարածաշրջանում»: