18-09-2014 12:17

Սերժ Սարգսյանը վարչապե՞տ կամ ՀՀ ԱԺ նախագա՞հ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երկիրը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում, հնարավոր է այլ պաշտոն զբաղեցնի, օրինակ՝ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի։
«Իսկ ո՞վ է ասում, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է նախագահ մնալ։ Նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել։ Ամեն դեպքում Հանրապետական կուսակցությունը կադրային ոչ մի խնդիր չունի, Սահմանադրական բարեփոխումների դեպքում էլ մենք ենք մնալու իշխանության։ Ինչ մնում է իմ անձնական կարծիքին, ապա ես կողմնակից եմ այնպիսի կառավարման համակարգի, որ փոխադարձ վերահսկողության համակարգ լինի, այսինքն թեւերի անջատում լինի, բայց վերահսկողություն լինի նաեւ։ Ամենակարեւորն է, որ որեւիցե դեպքում քաղաքական ճգնաժամ չունենանք։ Բայց խորհրդարանը ներկայացնում է քաղաքական հիմնական ուժերին, ապա կարծում եմ՝ ճիշտ կլինի նրանց ավելի մեծ լիազորություններ տալ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումներին խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել: Քաղաքական մյուս ուժերից ԲՀԿ- եւ ՀԱԿ-ը կտրուկ դեմ են արտահայտվել բարեփոխումներին՝ տարբեր պատճառներով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզված է, որ հիմա տնտեսական բարեփոխումների ժամանակն է, ոչ թե՝ Սահմանադրական: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առթիվ նշել է, որ իշխանությունները չգիտեն, թե ինչ են ուզում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չի շտապում կարծիք հայտնել: Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պետք է ամբողջությամբ եւ մանրամասն ուսումնասիրել, այնուհետեւ՝ գնահատականներ տալ: «Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին: