11-08-2014 10:53

Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է նման մարդկանց սպանել. Սերժ Սարգսյան

՛՛Արմնյուզ՛՛ հեռուստաընկերության ուղիղ եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահը ադրբեջանական գերության մեջ ադրբեջանցիների խղճի վրա է:

Նախագահի հավաստմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ ինքը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ամոթանք տվել նրան: «Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանել: Նա ասաց՝ մենք չենք սպանել: Ասացի՝ 31-ամյա երիտասարդ տղան ոգելից խմիչքի տակ ինչո՞ւ պիտի անցներ ձեզ մոտ եւ մահանար: Ալիեւը պատասխանեց, դե երեւի վախեցել, մահացել է»,- նշել է Սարգսյանը:

Մյուս կողմից նախագահը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տվել զուսպ լինել: «Տարբեր հանգամանքներ են լինում, եւ դա բնավ չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է հասկանան, որ գործ ունենք զայրացած, գազազած թշնամու հետ»,- ասել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: