Բավ է պառակտվել
06-10-2016 10:35

Հավատում եմ ձեր ուժերին. ՀՀ նախագահը՝ կառավարությանը

«Մեր տնտեսության և հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներով մենք սկսել ենք համակարգային փոփոխությունները և այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դեր է ստանձնում՝ այն է դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, շարժիչ ուժն ու իրականացնողը»,- այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով ժամանել էր կառավարություն գործադիրի կազմավորման կապակցությամբ:

Նրա խոսքերով՝ կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարական կառավարման՝ փոխում է ոչ միայն կառավարման մոդելը, այլ առաջին հերթին հավաքական մտածողության և հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում:

«Միգուցե մարդիկ ամբողջովին չեն պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը բարեփոխումների և նոր կառավարման մոդելի անցման հանգամանքը: Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին»,- ասաց նախագահը՝ ավելացնելով, որ այս աշխատանքում կառավարության անդամները մենակ չեն լինելու:

Սերժ Սարգսյանը խոստացավ, որ ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները, նրանց աջակցելու են, ոգևորելու, սատարելու, քայլելու են նույն ուղղությամբ, բայց շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը: