Բավ է պառակտվել
25-01-2016 11:18

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել նաեւ այդ ամենի դրական ազդեցությանը` ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Այդ համատեքստում զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսեւորման պարագայում, բանակցությունների շնորհիվ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում: Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման եւ խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամության մասին: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին կարեւորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ եւ անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների եւ հեռանկարային նոր նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը: Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը: