27-05-2016 10:56

Սարգսյանը և Բորդյուժան քննարկել են միջազգային ահաբեկչության հակազդեցության հարցեր

Բորդյուժան ընդգծել է, որ զորավարժությանը մասնակցած բոլոր երկրների ներկայացուցիչները դրանք համարել են անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը

ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Բորդյուժան Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-26-ը Հայաստանում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:

Հանրապետության նախագահը կարևորել է վերը նշված միջոցառումների անցկացումը և հույս հայտնել, որ խորհրդակցության օրակարգում ներառված արդիական հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը և «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակներում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտան առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:
Սարգսյանն ընդգծել է այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համակարգված միջոցառումների մշակման համար համապատասխան իրավական և գործնական հիմքերի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ առումով նախագահը համոզվածություն է հայտնել, որ կազմակերպչական և գործնական բնույթի համալիր միջոցառումները, որոնք կմշակվեն «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում, ինչպես նաև այլ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կնպաստեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդեցության ոլորտում համատեղ օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:
Բորդյուժան Սարգսյանին զեկուցել է Երևանում անցկացված միջոցառումների մասին` ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի: