Բավ է պառակտվել
17-07-2015 09:02

Նախագահը հայտարարել է, որ ԱԺ նախագահ դառնալու հավակնություն չունի. Դ. Հարությունյան

Նախագահ Սերժ Սարգսյանն ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել է, որ Սահմանադրությունը փոխելուց հետո ինքը Ազգային ժողովի նախագահ չի դառնալու։ Այս մասին նախօրեին երեկոյան, լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ նախագահը հայտարարել էր նաև, որ իր երկրորդ պաշտոնավարումից հետո չի ձգտելու ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնին։ «Նոր Սահմանադրությունը հերքեց կարծիքը, թե գործող նախագահն իր վերարտադրության հարցն է լուծում: Եթե անգամ չխոսենք նախագահի քաղաքական հայտարարության մասին, որ չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի կամ նախագահի պաշտոնը, այսօր հատուկ թերահավատների համար նա հայտարարեց, որ, իհարկե, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ևս չի զբաղեցնի: Հետևաբար, սա վերարտադրության ցանկության մասին չի խոսում»,- ասաց Հարությունյանը: Նրա կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումները չընդունելը հղի է վտանգներով: «Մենք համարում ենք, որ երկիրը միշտ պետք է պատրաստ լինի խաղաղ իշխանափոխության, ընդ որում խաղաղ իշխանափոխությունը պետք է վտանգներ չստեղծի երկրի համար»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: