Բավ է պառակտվել
17-11-2016 10:49

Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ նախագահ

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այս մասին  նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք ճանաչում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ադրբեջանի, բայց ժողովուրդների ինքնորոշումը որեւէ կերպ չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետեւ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջեւ հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի եւ ժողովրդի, որը կոմպակտ ապրում է այդ տարածքում, առավելեւս իր պատմական հայրենիքում: Քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման: Եթե մենք հերքում ենք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ապա մենք չպետք է դուրս գայինք ԽՍՀՄ կազմից, քանի որ դա տեղի է ունեցել հենց այդ սկզբունքի հիման վրա: Հետեւաբար, այդ սկզբունքները չեն հակասում իրար»,-ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ մի քանի անգամ Երեւանն ու Բաքուն մոտ են եղել ԼՂ հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրմանը, որտեղ արտացոլված էին կարգավորման հիմնարար սկզբունքները:

«Մասնավորապես, հայկական կողմերը, այսինքն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք հիմա անվտանգության գոտի են, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, թե օկուպացված են: Բայց առաջին կետում այնտեղ հստակ նշված էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման ճանապարհով: Այդ ազատ կամարտահայտությունն ունի պարտադիր իրավական ուժ: Այնուհետեւ նշված է, թե ով է մասնակցում, ինչպիսի օրակարգով: Այսինքն հանրաքվե է: Դա ինքնորոշման իրավունքի իրացում էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջ քաշում»,-նշել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով, հայկական կողմը մինչ օրս պատրաստ է վերադառնալ նման փաստաթղթի. «Բայց մեր պատրաստակամությունը ոչինչ չի նշանակում, որովհետեւ նման դեպքերում պետք է խպատրաստ լինեն բոլոր կողմերը, ոչ թե մեկ կողմը: Բացի այդ, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերի միջեւ վստահությունը զրոյական է, բացարձակ չկա վստահություն»,-ասել է Սերժ Սարգսյանը: