09-07-2016 08:48

Սերժ Սարգսյանն ու Ջոն Քերին քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել պետքարտուղար Քերիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

ՀՀ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ:

Սերժ Սարգսյանը և Ջոն Քերին անդրադարձել են ս.թ. հուլիսի 6-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը: