24-05-2014 12:35

«Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր ու հարուստ խճանկար».ՀՀ նախագահ

ՀՀԿ 15-րդ համագումարում հաշվետու զեկույցում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայնդես գալով հայտարարությամբ, նշեց. «Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական ու քաղաքացիական դաշտը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր ու հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան և այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է խորհրդարանում: Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, թշնամիներ չեն, անգամ եթե նման տպավորություն է ձևավորվել: Մենք կիսելու հայրենիք չունենք, մենք պետք է մեկս մյուսին փոխլրացնենք, որ երկիրը ծաղկեցնենք»: Նախագահի հավաստմամաբ՝ ՀՀԿ-ն շարունակելու է ամրապնդել իր դերն ու դերակատարությունը մեր երկրում, բայց դա ամենևին էլ չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին. «Ես քաջ գիտակցում եմ, որ քաղաքական ուժերն այսօր դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն հանրության պահանջները: Դեռ անցնելու մեծ ճանապարհ ունենք»: Քաղաքական ուժերն, ըստ Սերժ Սարգսյանի, արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են 2017 և 2018թթ-ի ընտրություններին պատրաստվելով: «Դեռ պետք է ապահովենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական արդարությունը: Եթե կան ուժեր, որ ընտրությունների են գնում իշխանություններին քննադատելով, ապա իշխող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ` ամենօրյա աշխատանքն ու դրական արդյունքներ, ահա ամենալավ արդյունքները»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: