06-08-2014 15:01

Լավրովը կմեկնի Ղազախստան, որտեղ հավանաբար կքննարկի շփման գծում տիրող լարվածությունը


Օգոստոսի 6-ին Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն առեւտրատնտեսական հարցեր եւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջախաղացումը: Gazeta.ru-ն գրում է, որ բանակցությունները հեշտ չեն լինի, առաջին հերթին, պայմանավորված ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության կտրուկ բորբոքմամբ:

Երկու երկրների միջեւ բանակցությունների գլխավոր թեման կլինի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՀ) մասին պայմանագիրը:

Ամենաթեժ թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ՝ բանակցային գործընթացի գայթաքարը: ԵՏՀ պայմանագրի ստորագրման օրը Նազարբաեւը Հայաստանին առաջարկել էր Մաքսային միությանը առանց Ղարաբաղի միանալ, միեւնույն ժամանակ, Լավրովը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Ղարաբաղը ոչ մի կապ չունի եվրասիական տնտեսական ինտեգրման հետ:

Ղարաբաղի հետ կապված հակասությունը երկրներին դեռեւս չի հաջողվում հարթել: Հնարավոր սցենարաներից մեկը առաջ է քաշում ԵվրԱզԷՍ ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը. դրա համար անհրաժեշտ է, «որպեսզի Եվրասիական միություն մտնեն ե´ւ Հայաստանը, ե´ւ Ադրբեջանը, եւ Հայաստանի կողմից՝ որպես բարիդրացիական հարաբերոււթյունների երաշխավոր հանդես գա Ռուսաստանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ղազախստանը»:

«Լեռնային Ղարաբաղը նախկինի պես սպառնում է եվրասիական ինտեգրմանը», համաձայնում է ԵվրԱզԷՍ ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Նադանա Ֆրիդրիսոնը:

«Նման ցուցադրական պահ կար, երբ հայ փորձագետները պնդում էին, որ Ղազախստանը ընդհանրապես ձայնի իրավունք չունի, որ Ռուսաստանը, անկասկած, Երեւանի կողմից է եւ որ դե յուրե, իհարկե, սահմանը կանցկացվի, որպեսզի Ղազախստանը լռի, քանի որ վերջինս միանշանակ Ադրբեջանի կողմից է: Իսկ դե ֆակտո սահման չի լինի եւ Լեռնային Ղարաբաղի ապրանքները հանգիստ կմտնեն Մաքսային միության շուկաներ: Հասկանալի է՝ դա ինչիպիսի արձագանք է ստացել Ադրբեջանում: Եւ նման թեզիսները ոչ միայն Մոսկվայի եւ Աստանային միջեւ անհամաձայնություն են հրահրում, այլ նաեւ վարկաբեկում են ընդհանուր եվրասիական նախագիծը»: