Բավ է պառակտվել
04-08-2014 21:24

Պուտինը Սոչիում առանձին կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հետ. Լավրով

ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերը փաստաթուղթ ընդունեն՝ հիմնված կարգավորման քաղաքական սկզբունքների վրա:
«Անխոս, անհանգստացնում է այն, ինչ այժմ տեղի է ունենում այսպես կոչված շփման գծում: Կողմերը միմյանց են մեղադրում սադրանքներ իրականացնելու համար, ինչպես և եղել է առաջ, և ցավոք, մենք արդեն երկար տարիներ պարբերաբար նման բռնկումների ականատես ենք դառնում, սակայն այս անգամ այն ավելի սուր է ընդունվում: Շատ մարդիկ են զոհվել, և մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն բռնության հերթական դրսևորման»,-ասել է Լավրովը:
Նա նշել է, որ այս շաբաթվա վերջին Սոչիում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի, ապա նաև Ադրբեջանի նախագահների հետ, իսկ երբ նրանք բոլորը նույն տեղում են հայտնվում՝ հնարավոր չէ շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ կքննարկենք, թե ինչ կարող ենք անել մեր կողմից, Մինսկի խմբի կողմից՝ ամրապնդելու վստահությունն ու նվազեցնելու շփման գծում առճակատումը»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հակամարտությունը կողմերն էմոցիոնալ կերպով են ընդունում, և իրենք, լինելով Մինսկի խմբի համանախագահ, ջանքեր են գործադրում ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ, որպեսզի լուծեն մի քանի հարցեր, որոնք դեռ խանգարում են փաստաթղթի ընդունմանը՝ հիմնված կարգավորման քաղաքական սկզբունքների վրա:
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել հայերին և ադրբեջանցիներին օգնելու անհրաժեշտության վրա, որպեսզի գտնեն այնպիսի ձևակերպումներ, որոնք հարմար կլինեն երկու կողմերի համար:
Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներից մեկի ընթացքում համաձայնություն էր կայացվել՝ վստահությանն ուղղված քայլերը զարգացնելու համար: «Եթե փոխհրաձգություն է տեղի ունենում, ապա պետք է փոխանակել զոհերի դիերը, փոխանակել գերիներին, և լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն շփման գծում իրավիճակի կարգավորմանը»,-ասել է Լավրովը: