Բավ է պառակտվել
07-04-2015 08:42

Թուրքիայի իշխանություններն ընդլայնում են ժխտողականության գործիքակազմը.Նախագահ

Ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպելով թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ցեղասպանության հարցում իր ժխտողականության գործիքակազմը: Այսպիսի գնահատական է հնչեցրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի առաջ երբեք որևէ պայման չենք դրել, այդ թվում նաև՝ Ցեղասպանության ճանաչումը: Մի քանի տարի առաջ ես փորձեցի հասնել դրան, բայց մի շարք պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից, և արձանագրությունները թուրքական խորհրդարանում չվավերացվեցին»:

Հանրապետության ղեկավարն, ի պատասխան ռուս մեկնաբանի հարցին, անդրադարձել է նաև Էրդողանի հետ ունեցած վերջին նամակագրությանը: «Ես նամակ հղեցի Թուրքիայի նախագահին, հրավիրեցի այցելել Երևան և ապրիլի 24-ին համատեղ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Բայց Թուրքիայի ղեկավարությունն այս անգամ ևս վարվեց՝ ինչպես միշտ: Եվ ոչ միայն հրաժարվեց միջոցառումներին մասնակցելուց, այլև, այսպես ասած, հակաառաջարկ կատարեց՝ ապրիլի 24-ին մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին»,- պատմել է Սերժ Սարգսյանն ու անդրադարձել Էրդողանի պատասխանի նրբություններին. «Բոլորին հայտնի է, որ Գալիպոլիի մոտ մարտերը ապրիլի 24-ին ոչ սկսվել և ոչ էլ ավարտվել: Բոլորին նաև հայտնի է, որ այդ մարտերում հաղթանակը թուրքերը երբեք ապրիլի 24-ին չեն նշել: Այսինքն՝ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Թուրքիայի ղեկավարությունն ընդլայնում է ժխտողականության իր գործիքակազմը և այս անգամ էլ փորձում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությամբ մեզ, հավանաբար, ինչ-որ բան ապացուցել, կամ առնվազն՝ ինչ-որ կերպ շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներից»: Հարցազրույցում խոսելով թուրքական կողմի պահվածքի մասին՝ Սերժ Սարգսյանն առանձնացրել է թուրքական հասարակության շրջանում սկիզբ առած այլընտրանքային դիրքորոշումը: «Ես չգիտեմ, թե թուրքական հասարակության մեջ որքան արագ կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր իրականում պատրաստ են ճանաչել ցեղասպանությունը, և ձերբազատվել այդ ծանր բեռից: Բոլոր դեպքերում մենք այս հարցում դրական դինամիկա ենք նկատում: Ես շնորհակալ եմ Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»,- նշել է երկրի ղեկավարը: