Բավ է պառակտվել
04-07-2017 17:13

Սարգսյանը Թրամփին՝ քաղաքական երկխոսությունը նպաստում է համագործակցության ընդլայնմանը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսությունը դինամիկ բնույթ է կրում՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում նաև առևտրատնտեսական ոլորտում, այս մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:


Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, ուղերձը հղվել է Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
«2017 թվականը մեր երկկողմ հարաբերություններում նշանավորվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Այսօր աներկբայորեն կարող ենք արձանագրել, որ անցած ժամանակահատվածում մեզ հաջողվել է կառուցել սերտ, ամուր գործընկերային և բարեկամական հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա»,- ասված է ուղերձում:
Սարգսյանի խոսքերով հայ-ամերիկյան հարաբերությունների անրապնդման հարցում անկասկած մեծ է նաև ամերիկայի հայ համայնքի դերը:
«Ես բարձր եմ գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանը, բազմոլորտ բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող՝ ԱՄՆ-ի աջակցությունը՝ միտված մեր երկրի պետականության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նա նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ԱՄՆ-ի կարևոր դերակատարությունը ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:
«Հավատացած եմ, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ խնդրի խաղաղ և տևական կարգավորման»,- ասված է ուղերձում:
Սարգսյանը հույս է հայտնել, որ համատեղ և հետևողական ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան օրակարգը կհարստանա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններով և ծրագրերով:
Հայաստանի նախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նաև այցելել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն: Նա շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:
Սարգսյանն ու Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում ծիրանենի են տնկել: Վերջինս շնորհակալություն է հայտնել Սարգսյանին այցելության և շնորհավորանքի համար, նշելով, որ ուրախ ու հպարտ է նրա հետ միասին տնկել գեղեցիկ ծիրանենին ԱՄՆ դեսպանատանը՝ ի նշանավորումն ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի:
«Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա գործընկերությունն ու անկեղծ բարեկամությունը, և վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կերտել ենք ամուր կապեր դիվանագիտության, զարգացման, ռազմական, առևտրային տիրույթներում ու մեր ժողովուրդների միջև: Մեր հայացքը հառելով դեպի ապագա՝ հուսով ենք, որ մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն, և մենք կկարողանանք առավել խորացնել հատկապես մեր առևտրային և ներդրումային կապերը՝ ի շահ մեր երկու երկրների»,-ասել է դեսպան Միլսը:
Սարգսյանը ևս բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ արագ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում Հայաստանը կարևոր է համարում Միացյալ Նահանգների հետ շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են հատկապես առևտրատնտեսական կապերի խորացմանը՝ քննարկելով առկա ներուժը, այդ ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներն ու զարգացման հեռանկարը:
Հանդիպմանը Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության, այդ թվում՝ սույն թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: