Բավ է պառակտվել
11-08-2016 10:26

Սարգսյան. ԼՂ հակամարտության էությունը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքարն է

Ղարաբաղյան հակամարտության էությունը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքարն է,  ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:   

«Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ», - ասել է Սարգսյանը:

«Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը», - նշել է ՀՀ նախագահը:

«Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի Նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է և խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այդ գործընթացում Նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռևս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը», - ավելացրել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման և նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ և իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը: