17-05-2016 09:04

Սարգսյանը և Մոգերինին քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը մարտահրավերները

Սարգսյանը կարևորել է հրադադարի և հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը` որպես խնդրի կարգավորման առաջին քայլ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը, ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ, կարևորել է 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը` որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ: Հույս է հայտնվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայանալիք հանդիպումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննա է մեկնել երեքշաբթի: Մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված մի շարք աշխատանքային հանդիպումների: Վիեննայում են նաև համանախագահող մյուս երկրների` Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: