Բավ է պառակտվել
15-10-2016 11:44

Նստաշրջանի գլխավոր արդյունքներից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը.ՀՀ նախագահ

Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կայացվել է որոշում մինչեւ 2025 թ․ կազմակերպության ռազմավարության մասին։ Ընդհանուր առմամբ ավելի քան երկու տասնյակ փաստաթուղթ է ստորագրվել։

Նիստի արդյունքներով կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք լուրջ փաստաթղթեր, որոնք ուղղված են կազմակերպության ներուժի զգալի ամրապնդմանը, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործմանը։

Գլխավոր արդյուքներից նախագահն առանձնացրել է մինչեւ 2025 թ․ ժամանակաշրջանի համար կազմակերպության ռազմավարության ընդունումը, որի մշակման աշխատանքները ավելի քան 5 տարի են տեւել։ Նախագահը նշել է, որ անդամ երկրները հաստատել են իրենց վճռականությունը՝ համաշխարհային համայնքի հետ իրենց հարաբերությունները հավասարության հիմքով կառուցելու, միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից ու դրա կիրառումից զերծ մնալու, խնդիրների լուծումների համար քաղաքական -դիվանագիտական մեթոդները առաջնայնությամբ առաջնորդվելու հարցում։ Նախագահի խոսքով Երեւանյան ռազմավարության ընդունումը ցույց է տվել նոր որակական հատկանիշներ ՀԱՊԿ համակարգման գործում։ Այդ համատեքստում նախագահը նաեւ նշել է մինչ այդ ընդունված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը։

Նստաշրջանի ընթացքում ամփոփվել են ռազմական բաղկացուցիչի կատարելագործմանն ուղղված գործունեության արդյունքները, կայացվել են որոշումներ ճգնաժամային արձագանքման կենտրոն ստեղծելու, ռազմական կադրերի համատեղ պատրաստման հայեցակարգի, ռազմական տեխնիկայի ստանդարտիզացման մասին։ Ընդունվել են փաստաթղթեր միջազգային ահաբեկչությանը հակազդելու ոլորտում։ Ընդունվել է որոշում ՀԱՊԿ Միացյալ շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների մասին։

Հաջողություն մաղթելով ՀԱՊԿ նախագահությունը ստանձնող Բելառուսին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ 2017-ին նշվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակը ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-ամյակը։